ԳՈՇԱՎԱՆՔ՝ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական ու մշակութային խոշորագույն կենտրոններից է եղել Գոշավանքի համալիրը: Երկրաշարժից ավերված Գետիկ վանքի փոխարեն 1180 թ-ին կառուցված ներկայիս եկեղեցին հիմնադրել է առակագիր Մխիթար Գոշը` անվանելով Նոր Գետիկ: Վերջինիս մահվանից հետո այն կոչվել է նրա անվամբ` Գոշավանք:
Համալիրից ոչ հետու կան նաև այլ կառույցներ` Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին, Մխիթար Գոշի կացարանի մնացորդները և նրա կիսավեր դամբարանը:
Պատմական աղբյուրներում համալիրն անվանվել է` վարժարան, վարժապետարան, ճեմարան, համալսարան: Գոշավանքում ուսուցանվել են հայոց և օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչարվեստ, նկարչություն: Այստեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր:
Գոշավանքը միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի նշանակալից կոթողներից է: Այն գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` Երևանից 109.2 կմ հեռավորության վրա:

ՀԱՂԱՐԾԻՆ՝ Հինավուրց կաղնիներով շրջապատված Հաղարծնի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական կենտրոններից է եղել: Համալիրը կազմված է Ս. Գրիգոր, Ս. Սթեպանոսև Ս. Աստվածածին եկեղեցիներից, երկու գավիթից, սեղանատնից, ժայռալանջերին տեղադրված մի քանի աղոթարաններից և խաչքարերից: Դրանք կառուցվել են X-XIII դարերում:
Համալիրը գտնվում է Տավուշի մարզում` Երևանից 94 կմ հեռավորության վրա` Հաղարծին գետի ափին:

ԳՈՇԻ ԼԻՃ՝ Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2կմ հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների գրկում:
Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 քառ.կմ է. երկարությունը` 100մ, լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է, ջրի ծավալը՝ 1500 խոր.մ։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14° C:
Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն: